четверг, 2 мая 2013 г.


5 առեղծվածային հանցագործություն, որոնք ոչ ոք էլ երբեք չի կարողանա բացահայտել

Կան որոշ չբացահայտված հանցագործություններ, որոնց մասին լսելիս ոստիկանների, ինչպես նաև մյուս բոլոր մարդկանց մտքին առաջինը մի միտք է գալիս՝ «Գրո՛ղը տանի, ի՞նչ կարող էր իրականում պատահած լինել»:
Ահա այդպիսի 5  իրական պատմություններ, որոնց մասին կարդալիս շատերը խճճվում են:

#5. «Թաման Շուդ» գործը
Զոհը հայտնաբերվել է 1948 թ. դեկտեմբերի 1-ին՝ առավոտյան ժամը 6:30-ին, Ավստրալիայի Սոմերսթոնի ծովափում՝ լուսաֆորի տակ: Սրանով ավարտվում է այն ամենը, ինչ  ոստիկանները գիտեն սպանված մարդու մասին: Զոհի ինքնությունը, ինչպես նաև նրա կողքին` քարի վրա, փորագրված գաղտնաբառը մինչև այսօր էլ առեղծվածային է բոլոր քննիչների համար:

Բայց դրա մասին քիչ ուշ: Ոստիկանները նկատեցին, որ զոհի շորերից մաքրված են բոլոր տարբերանշանները: Մեծ դժվարությամբ կարողացան հաստատել, որ նրա վերարկուն ամերիկյան արտադրության է: Սակայն զոհի մատնահետքերը չէին համապատասխանում ԱՄՆ-ում, ինչպես նաև աշխարհում նախկինում բնակված անձանց և ոչ մեկի մատնահետքերի հետ: Թվում էր, թե այդ մարդը երբևէ գոյություն չի ունեցել...
Ոստիկանները որոշ չափով արդեն սպասում էին դատաբժշկական փորձաքննության արդյունքների տարօրինակ լինելուն: Դիահերձմամբ պարզվեց, որ մահացածը եղել է առողջ. ստամոքսում եղել է կիսամարսված մի թխվածք, գլխուղեղում և ստամոքսում հայտնաբերվել են որոշ արյունազեղումներ, փայծախը մեծացած է եղել 3 անգամ: Սրանից ենթադրել են, որ հիվանդը պետք է որ թունավորված լինի: Սակայն զոհի օրգանիզմում թույնի ոչ մի հետք չի հայտնաբերվել:
Յուրաքանչյուր հաջորդ բացահայտումը կարծես թե ավելի առեղծվածային էր դարձնում գործը: Ոստիկանները գտան շագանակագույն մի ճամպրուկ, որը, ամենայն հավանականությամբ, պատկանել էր զոհին: Ճամպրուկի բոլոր հագուստների վրայից նույնպես ջնջված էին բոլոր տարբերանշանները:
Նրա վարտիքում հայտնաբերվեց նաև գաղտնի գրպան, որում գտնվող թղթի վրա տպված էր՝ «թամամ շուդ» (բառերը թարգմանաբար նշանակում են «ավարտված» կամ «վերջացած»):
Թղթի կտորը, ամենայն հավանականությամբ, պոկված էր մի ինչ-որ գրքից: Հետագայում պարզվեց, որ դա Օմար Խայամի «Ռուբայաթներ» գրքի մի հատուկ թարգմանությունից է, որը չափից դուրս հազվադեպ է հանդիպում:
Ոստիկանները արդեն ցանկանում էին ամբողջ Ավստրալիայով փնտրել այդ գրքի բոլոր օրինակները, երբ ինչ-որ մեկը ասաց, որ իր ավտոմեքենայում՝ մահվան վայրից մի փոքր հեռու, գտել է այդ գիրքը:
Ինչպես և սպասվում էր, «թամամ շուդ» բառերը պատռված էին գրքի էջերից: Մահացածի գրադարանային քարտի միջոցով հնարավոր եղավ իմանալ նրա իրական անուն-ազգանունը: Սակայն ամեն ինչ ավելի խճճվեց, երբ գրքի հետին հատվածում ոստիկանները հայտնաբերեցին ևս մի գաղտնագիր:
Ամեն ինչ ավելի է խճճվում...

Հինգ շարք պատահական թվացող տառեր, որոնցից երկրորդի վրա խաչ է քաշված: Ի՞նչ տվեց այս գաղտնագիրը ոստիկաններին: Ոչինչ: Ընդհանրապես ոչինչ: Մինչ օրս այն մնում է չբացահայտված:
Արդյո՞ք գաղտնաբառը խելագարություն կամ հոգեկան խանգարումներ ունեցող մի մարդ է գրել: Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ տառերն այդքան էլ պատահական չեն ընտրված, այն ինչ-որ մի տարօրինակ, մինչ օրս անհայտ ծածկագիր է: Կարո՞ղ եք արդյոք դուք այն վերծանել: Եթե այո, ապա կդառնաք ամբողջ աշխարհով հայտնի, քանի որ մարդիկ արդեն ավելի քան 60 տարի ապարդյուն փորձում են դա անել:

#4. Բրիտանական Կոլումբիայի ոտքերի առեղծվածը
Բրիտանական Կոլումբիայի ծովափերում պարբերաբար հայտնվում են մարդկային կտրված ոտքեր: Նրանց համար, ովքեր տեղյակ չեն. Բրիտանական Կոլումբիան Կանադայի արևմտյան նահանգներից է՝ Վաշինգտոն նահանգից ավելի հյուսիս:

Այս օրերին ինչ տեսակ իրեր ասես, որ չեն հայտնվում ափերին, և դա ծովափի բնակիչներին այդքան էլ տարօրինակ չի թվում: Բայց համաձայնեք, որ մի քանի կտրված ոտքեր գտնելն արդեն իսկ անցնում է բոլոր սահմանները:
Վերջին մի քանի տարիների ընթացքում 8 կտրված ոտքեր են հայտնաբերվել: Համարյա բոլոր ոտքերը սպորտային կոշիկներով էին: Բացի այդ, ինչ-որ մի հիմար, այս պատմության հայտնի դառնալուց հետո, կենդանիների կտրված թաթերով սպորտային կոշիկներ էր նետում ջրի մեջ:

Մի քանի ամիս անց ոտքերից մեկը հնարավոր դարձավ ճանաչել: Այն պատկանում էր վերջերս ինքնասպան եղած մի մարդու: Առեղծվածը կարծես թե արդեն լուծվո՞ւմ է...
Ամեն ինչ ավելի է խճճվում...
...Իհարկե ոչ: Առաջին երկու ոտքերը գտնվել են նույն շաբաթվա ընթացքում տարբեր վայրերում: Երկուսն էլ եղել են աջ ոտքեր, ենթադրում էին, թե պատճառն ինչ-որ նավաբեկություն է եղել կամ վայր ընկած ինքնաթիռը: Բայց ոտքերը հայտնաբերվել են ծովափի տարբեր հատվածներում, որը ժխտում է այս ենթադրությունը:
Մյուս տեսությունը, որը երևի թե դուք մտածեցիք հենց ամենասկզբից, ենթադրում է, որ դա ինչ-որ հոգեկան հիվանդ մարդասպանի գործերի հետևանք է:
Եթե դուք փորձում եք իմանալ, թե ի՞նչ նպատակով կարող էր ինչ-որ մի մարդասպան կտրել այլ մարդկանց ոտքերը և նետել ծովափ, պատասխանը երևի թե չեք գտնի, մինչև պարզ չդառնա, թե ում են պատկանել այդ կտրված ոտքերը:

#3. Թոյնբի սալիկը
Տարբեր քաղաքների ասֆալտների վրա հայտնաբերվել են ինչ-որ ծածկագրված հաղորդագրություններ: Հետազոտողները կարծում են, թե հաղորդագրությունները լինոլեումից են, որոնք ինչ-որ կերպ մեխված են ասֆալտի մեջ: Հաղորդագրությունները միևնույն մտքի տարբեր ձևակերպումներն են՝ «2001 թվական: Մեռելների հարություն Յուպիտեր մոլորակի վրա»:
30 տարի շարունակ այս տարօրինակ հաղորդագրությունները հայտնվում էին չգիտես որտեղից:

Որպես վերնագիր ընտրված «Թոյնբի» բառը հայտնի պատմաբանի անուն է: Բացի այդ՝ հաղորդագրությունում նշված է նաև 2001 թվականը և Յուպիտեր մոլորակը: Սա այն ամենն է, ինչը հնարավոր է հասկանալ:
Այսպիսով, դրանք երևի թե ինչ-որ մի խելագարի թողած հաղորդագրություննե՞ր են...
Ամեն ինչ ավելի է խճճվում...
...Ամենայն հավանականությամբ, դա մեկ մարդու ձեռքի աշխատանք չէ: Այս սալիկները գտնվել են ԱՄՆ-ի տասնյակ քաղաքներում և նույնիսկ Հարավային Ամերիկայում: Այստեղ ինչ-որ մարդկանց խումբ է գործել:
Ամենաշատ հաղորդագրությունները թողնվել են Ֆիլադելֆիայում՝ շուրջ 60-ը: Այդ հաղորդագրություններից 4-ը պատմում են տարօրինակ ու խառը մի պատմություն, թե ինչպես են աֆիան, ոստիկանները, Սովետական Միությունը ցանկացել բռնել սալիկները պատրաստողին:

#2. «Գլիկո Մորինագա» գործը կամ 21 դեմքերով դևը
1980-ական թվականներին սննդային արտադրության հսկա «Էզակի Գլիկո»-ն շանտաժի է ենթարկվում մի խումբ հանցագործների կողմից, որոնք իրենց անվանում են «21 դեմքերով դև»:
Ամեն ինչ սկսվեց «Գլիկո»-ի նախագահի տան վրա զինված հարձակմամբ և նրա առևանգմամբ: Հանցագործները ընկերության գլխավորին տանում են ինչ-որ մի պահեստ և պահանջում 100 միլիոն յան և 100 կիլոգրամ ոսկի: Սակայն նախագահը կարողանում է փախչել այդտեղից: Հանցագործներից և ոչ մեկը չի գտնվում. «Դևը» կանգ չի առնում:
Մի քանի շաբաթ անց ընկերության մի շարք ավտոմեքենաներ հրդեհվում են, որից հետո «Դևը» սկսում է նամակներ ուղարկել:
«Հարգելի Գիրկո: Ինչպե՞ս ես: Ես լավ եմ, բայց եղանակը շատ վատն է, այնպես չէ՞: Դա անվանվում է «գլոբալ տաքացում»: Հա-հա-հա: Մենք այրել ենք ձեր ավտոմեքենաները»:
Առաջին նամակում, որը ուղարկել էին աղաթթվի հետ, «Դևը» ասում էր, որ թունավորել է Գլիկո ընկերության բոլոր կոնֆետները: Սրա պատճառով Գլիկոն շուրջ 21 միլիոն դոլար է կորցնում:
«21 դեմքերով դևը» նաև նամակ էր գրում ոստիկանությանը և մանրամասն պատմում իր գործելաոճի մասին: Նամակները միշտ տպագրված էին լինում և միշտ գտնվում էին աղաթթու պարունակող ծրարներում:
Ոստիկանությունը նրանց փնտրում էր ամբողջ քաղաքով մեկ, սակայն ոչ մի արդյունքի չէր հասնում:
Շատ շուտով «Դևը» հանկարծակի մի նամակ է ուղարկում Գլիկոյին, որում գրված էր՝
«Մենք ձեզ ներում ենք»:
Ամեն ինչ ավելի է խճճվում...
Սրանից հետո «Դևը» ուղղեց իր ուշադրությունը մեկ այլ սննդային կազմակերպության՝ «Մորինագայի» վրա: Գլիկոյին ուղարկված նամակին շատ նման մեկ այլ նամակ ուղարկվում է Մորինագային, սակայն այս անգամ ծրարում աղաթթվի փոխարեն նատրիումի ցիանիդ է:
«Դևի» պահանջած գումարը փոխանցելիս ոստիկաններին հաջողվում է շատ կարճատև տեսնել «Դևի» անդամներից մեկին: Ասում են, որ նա ունեցել է «աղվեսի նման աչքեր», որի պատճառով էլ նրան անվանում են՝ «աղվեսի աչքերով մարդ»:
Նույն առեղծվածային մարդը հայտնվում է նաև մեկ այլ անգամ: Ոստիկանությունը ցանկանում է նրան բռնել, բայց նա փախչում է: Ոստիկանները, սակայն, գտնում են նրա մեքենան և ռադիոհաղորդիչը, որով «աղվեսի աչքերով մարդը» լսում էր նրանց բոլոր խոսակցությունները:
Դրանից հետո հանցագործների խումբը շարունակում է տանջել տարբեր ընկերություններին, ծիծաղել ոստիկանության վրա: Ոստիկանության հրամանատարը այնքան է հուսահատվում, որ ազատում է իր գրաված պաշտոնը և իրեն գցելով կրակի մեջ՝ ինքնասպան լինում:
Մինչ վերջնականապես անհետանալը «Դևը» մի նամակ է գրում, որում ասում է, որ դադարեցնում է տանջել սննդային կազմակերպություններին: Նրանց վերջին խոսքերն էին.
«Մենք վատ տղաներ ենք: Սա նշանակում է՝ մենք պետք է անենք ավելին, քան կազմակերպություններին վախեցնելն է: Շատ հաճելի է ունենալ վատ տղայի կյանք:
-21 դեմքերով դև»:

#1. Կապարե դիմակների գործը
1966 թվականին մի բրազիլացի տղա խոտի վրա խաղալիս գտնում է 2 միմյանց կողքի պառկած ինժեներների դիակներ: Ոչ մի նշան չկար, թե ինչպես են մահացել այդ մարդիկ:
Ոստիկանները գլուխ էին ջարդում իմանալու համար, թե ինչպես կարող էր տեղի ունենալ այդ սպանությունը... եթե դա ընդհանրապես սպանություն էր...
Երկու մահացած մարդիկ կրում էին իրենց թաղմանը համապատասխան զգեստներ՝ կոստյում և անջրաթափանց վերարկու: Նրանց կողքին գտնվել է դատարկ ջրի տարա: Չկար բռնության ոչ մի հետք:
Ինչո՞ւ է այս գործը անվանվել «Կապարե դիմակների գործ»: Սա ամենաանհասկանալի պահն է: Մահացած մարդիկ կրում էին կապարե դիմակներ, որոնք սովորաբար կրում են ռադիոակտիվ ճառագայթումից պաշտպանվելու համար:
Պարզվեց, որ մահացածները տարածքում աշխատել են որպես էլեկտրամեխանիկներ:
Ոստիկանությունը հավաքում է փաստեր և փորձում է վերականգնել տեղի ունեցածը: Երկու տղամարդիկ գնում են անջրաթափանց վերարկուներ և գնում են բար, որպեսզի գնեն մի շիշ ջուր: Որից հետո բրազիլացի տղան նրանց գտնում է բլուրի խոտերի վրա մահացած-ընկած: Պատահական մահ: Գործը կարծես թե փակված է:
Ամեն ինչ ավելի է խճճվում...
Հանկարծ հայտնաբերվում է մահացածների մեկի նոթբուքը, որտեղ գրված է լինում մի հաղորդագրություն.
«16:30 գտնվում եմ պայմանավորված վայրում»:
«18:30 կուլ եմ տալիս դեղապատիճը: Սպասում եմ արդյունքին, դիմակի նշանին»:
Նրանք կուլ են տվել ինչ-որ «կապսուլաներ», ու երևի թե հենց դա էլ նրանց սպանել է, այդպես չէ՞: Հարցը կայանում է նրանում, որ այդ տղամարդիկ սպասում էին մի ինչ-որ ազդեցության, և եթե թունավորվել են, չէին իմանա դրա մասին:
Թունաբանական ուսումնասիրությունները չէին կարող իրականացվել, քանի որ զոհերի օրգանները ինչպես որ հարկն է չէին պահպանվել:

Այսպիսով, ի՞նչն է նրանց ստիպել գնալ բլրի վրա, պաշտպանվել ռադիոակտիվ ճառագայթումից և խմել ինչ-որ պատիճներ: Ի՞նչ արդյունքի էին նրանք սպասում: Ինչի՞ համար էր դիմակներով պաշտպանությունը: Արդյո՞ք եղել է մի ինչ-որ երրորդ անձ, ով մասնակցել է այդ գործողություններին՝ ասելով, օրինակ, այդ դեղապատիճները թույլ կտան ձեզ ճանապարհորդել ժամանակի մեջ... Անհայտ է:

Комментариев нет:

Отправить комментарий